ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ին ABC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնագիրը կկնքվի «հաջորդ շաբաթվա ընթացքում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կառլի հետ հեռախոսազրույցում Թրամփը հայտարարել է, որ համաձայնությունը կարող է «շատ ավելի լավ լինել, քան ռազմական հաղթանակը»։«Դա հեշտ բան չէ։ Խոսքն իսկապես մեծ երկրի մասին է…. Նրանց համար հեշտ չէ։ Իրականում մեր տեսանկյունից նույնպես հեշտ չէ, բայց մենք ստանում ենք այն, ինչ անհրաժեշտ է», - նշել է ԱՄՆ նախագահը։
Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համաձայնեցման և կնքման ժամկետների մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»։
Թրամփը հավելել է, որ դեռ «կա ևս մի քանի կետ», որոնց նա պետք է հասնի համաձայնագիրը ստորագրելու համար։
Հունիսի 1-ին ավելի վաղ Truth Social-ում ԱՄՆ նախագահը գրել էր, որ Իրանի հետ բանակցություններն ինտենսիվ տեմպերով շարունակվում են։
Հարավային Լիբանանում Իսրայելի գործողություններին անդրադառնալով՝ Թրամփն ABC News-ին ասել է, որ հունիսի 1-ի ընթացքում եղել են որոշ խնդիրներ, որոնք ինքը լուծել է:«Այսօր մի փոքր խափանում կար, բայց ես դա շատ արագ շտկեցի, ինչպես դուք, հավանաբար, նկատեցիք ավելի վաղ։ Ես խոսեցի «Հեզբոլլահ»-ի հետ և ասացի՝ ոչ մի կրակոց, ես խոսեցի Բիբիի (խմբ.՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի) հետ և ասացի՝ ոչ մի կրակոց, և նրանք երկուսն էլ դադարեցրին միմյանց հարվածները», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև գրառում է արել Truth Social հարթակում՝ հույս հայտնելով, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարը երկար կշարունակվի։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո կանխվել է Բեյրութի վրա իսրայելական հարձակումը։
Լիբանանում իսրայելական գործողությունների պատճառով, ըստ իրանական լրատվամիջոցների, ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցվել էին։