Հետևեք մեզ։

Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» անդամների նկատմամբ բռնության մասին

22:20, 02 հունիս 2026
Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» անդամների նկատմամբ բռնության մասին

ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։

 

Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։

 

Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։

 

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

 

Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։

 

Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները