Հետևեք մեզ։

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել․ Factor.am

15:35, 03 հունիս 2026
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել․ Factor.am

Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական  իշխանության կայքից։ Factor TV-ին հայտնի են դարձել մանրամասներ՝ կապված վարույթի հետ։ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու հարցով Արդարադատության նախարարությանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Այսպես ՝ 2025 թվականի նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանի երկու դատավոր՝ Գիվի Հովհաննիսյանը և Արամ Գրիգորյանը  վերացրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Դրանից հետո Դատախազությունը երկու դատավորներին միջնորդություններ է ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն երկու դատավորներն էլ մերժել են միջնորդությունները։

Գիվի Հովհաննիսյանի որոշումից հետո իրավապահները խուզարկել են  նրա նախկին աշխատակիցներից մեկի բնակարանը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկությունն իրականացվել է, նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց, միայն այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափաման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։ Factor TV-ն այդ ժամանակ պարզել էր, որ վարույթը  Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով է,  այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Ըստ վարույթի՝ օպերատիվ տվյալ է եղել, որ Գիվի Հովհաննիսյանը իր օգնականի հետ  է բնակվել, սակայն այս հանգամանքը թաքցրել է։ Բնակարանում խուզարկությունն իրականացվում է դատարանի թույլտվությամբ։ Հետագայում Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկության թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան և բեկանվել։

Դրանից հետո կարճվել է նաև դատավորին առնչվող քրեական վարույթը, սակայն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ նույն հարցով դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական վարույթ հարուցելու համար, և նախարարը վարույթ է հարուցել։ Մեզ հայտնի է դարձել  նաև, որ վարույթի շրջանակներում դատավոր Գիվի Հովհաննիսյանը բացատրություն է ներկայացրել և չի հերքել իր և  նախկին աշխատակցի միջև անձնական հարաբերությունների հանգամանքը, միայն թե հայտնել է, որ այն պահից, երբ իրենց միջև անձնական հարաբերություններ են ձևավորվել, աշխատակիցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները