Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ չի մտնում ՀՀ-ում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող Արթուր Օսիպյանի պահանջին:
Լրագրողները ՄԻՊ-ին հիշեցրեցին, որ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներ Արթուր Օսիպյանին քաղբանտարկյալ են համարում և հարց հնչեցրեցին, թե արդյո՞ք Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է: Անահիտ Մանասյանն ի պատասխան հարցին՝ արձագանքեց. «Ես համարում եմ, որ ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում, բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոցի՝ կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության պարագայում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»:
Հիշեցնենք՝ արցախցի Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա արդեն 16 օր է՝ հացադուլ է հայտարարել: Օսիպյանը պահանջում է, որ «Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի՝ իրեն Արցախից վախած անվանելու համար»: