Հետևեք մեզ։

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

14:12, 04 հունիս 2026
Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող միջոցառումները սովորական վերահսկողական գործընթացի մաս են և չեն նշանակում ներմուծման սահմանափակումների կիրառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ռուսական կողմի գործողություններին։

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման նկատմամբ։ Ընթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ կապված այն հանգամանքի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է հայտնվել, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում որոշ հարցեր են առաջանում»,-ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ նման իրավիճակներ պարբերաբար տեղի են ունենում։

«Սա միշտ ժամանակ առ ժամանակ լինում է։ Մեզ մոտ ընթանում է սովորական աշխատանք»,-նշել է Օվերչուկը։

Նա ընդգծել է, որ նոր բերքի ստուգումները նպատակ ունեն պաշտպանել սպառողներին և կանխել հնարավոր ռիսկերը։

«Մենք պետք է պաշտպանենք Ռուսաստանի սպառողներին։ Նոր բերք է ստացվել, պետք է տեսնենք, թե ինչ են բերում մեզ՝ կան վնասատուներ, հիվանդություններ, ինչ կարող է վտանգ ներկայացնել ինչպես սպառողների, այնպես էլ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է»,-ասել է նա։

«Ռոսսելխոզնադզոր»-ը վերջին շաբաթներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի 30-ից սահմանափակումներ են մտցվել լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար, իսկ հունիսի 2-ից՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի նկատմամբ։ Ռուսական կողմը որոշումները հիմնավորել է բուսասանիտարական պահանջների խախտումներով և արտադրանքի անվտանգության ստուգումների անհրաժեշտությամբ։


 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները