Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմանափակումների ֆոնին արագացված կերպով նախապատրաստում է միջոցառումների փաթեթ՝ բարելավելու Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով 4 աղբյուրների:
Նշվում է, որ Բրյուսելը մշակում է առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը:
Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը Financial Times-ին ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ, որպեսզի Եվրամիության շուկայում հայկական բիզնեսների համար ավելի շատ հնարավորություններ լինեն, ինչպես նաև աջակցել տնտեսության այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել ՌԴ սահմանափակումների պատճառով։
«Հիմա ժամանակն է առաջ շարժվել և աջակցել նրանց՝ ցույց տալու, որ մենք կարող ենք լինել հուսալի գործընկեր»,-ասել է FT-ի աղբյուրներից մեկը:
Հաղորդվում է, որ միջոցառումները, որոնք պահանջում են ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հաստատումը, կընդգրկեն մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը՝ տարեկան մոտ 420 միլիոն եվրո արժողությամբ:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, հայկական մի շարք ապրանքներ խնդրահարույց են ԵՄ պաշտոնյաների համար: Սա հիմնականում վերաբերում է կոնյակին, որը Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի համար կոնյակի արտադրության կարևորությունը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը «կոնյակ»-ի փոխարեն կիրառելու է «հայկական բրենդի» անվանումը։
Խնդրահարույց է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով փչացող ապրանքների տեղափոխման բարդությունը։
Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։
Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպական միության և այլ շուկաներ։