Հետևեք մեզ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում ՆԳ նախարարի նախաձեռնած փոփոխությունը՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց ոչ ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց համար

12:49, 23 մայիս 2025
Ի՞նչ խնդիրներ է լուծում ՆԳ նախարարի նախաձեռնած փոփոխությունը՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց ոչ ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց համար

Ինչպես ավելի վաղ Hayastan.news-ը հայտնել էր՝ ահազանգեր էր ստանում առ այն, որ պարեկային ծառայողները տուգանում են Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք հանդիսանում են նաև երկքաղաքացի,  սակայն ունեն վրացական վարորդական իրավունքի վկայական։

Այս ահազանգերին, ԱԺ-ում բարձրացված հարցերին արագ արձագանքեց Ներքին գործերի նախարարությունը, նշելով, որ  ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց հայկական վարորդական իրավունքի վկայական չունեցող անձինք կարող են  այդ վկայականով ՀՀ-ում մեքենա վարել մեկ ամիս ժամկետով, ինչպես նաև, զուգահեռ առաջարկվել են վարորդական իրավունքի վկայականները հայկականով փոխարինելու տարբերակ։

Այս տարբերակը դժգոհություն էր առաջացրել մեծաթիվ վարորդների շրջանում, ինչի մասին հայտնել ենք։ Բայց, վերջերս Ազգային ժողովում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ այդ մեկ ամիս ժամկետը ևս վերափոխվել է՝ նախագծով առաջարկվում է 3 ամիս ժամանակահատված։

«Ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն ավարտական փուլում է, առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկենք ԱԺ: Ժամանակահատվածի առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել. եթե նախկինում նշում էի, որ մեկ ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը տրվում է քաղաքացուն, երբ նա ՀՀ տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա   դարձրել ենք 3 ամիս՝ հաշվի առնելով ՀՀ մուտքերի և ելքերի հաճախականությունը»,-Ազգային ժողովում հայտնեց նախարարը:

Արփինե Սարգսյանի այս հայտարարությունից հետո մասնավորապես Ջավախքի բնակիչները, ովքեր Հայաստանում են գտնվում աշխատանքի, ուսուցման և այլ նպատակներով կրկին հարցեր են ուղղել այս փոփոխության վերաբերյալ։

Պարզվում է, որոշակի տարընթերցումների տեղիք է տվել նախագծի մասին խոսակցությունը, ուստի հայտնել ենք, որ այն դեռ օրինագիծ է, ոչ թե օրենք։

Ինչ վերաբերում է ժամանակահատվածը փոխելու որոշմանը՝ մեկից երեք ամիս, ապա այն մի շարք խնդիրներից զերծ է պահում, որոնք մեկ ամիս ժամկետի պարագայում առաջանալու էին։ Զուտ հաշվարկի տեսակետից․ օրինակ, այլ երկրի վարորդական իրավունքի վկայական ունեցող անձը, տարեկան 12 անգամ սահմանը հատելու փոխարեն կհատի չորս անգամ, կամ 180 օր ՀՀ-ում գտնվելու իրավունք ունեցող անձը՝ վեցի փոխարեն երկու անգամ։ Սա միայն առաջնահերթ հաշվարկի դեպքում, չհաշված նաև մյուս դժվարությունները՝ աշխատանք, գործատու, թույլտվություն, դասապրոցես, ֆինանս և այլն, որոնք մեկ ամիս ժամկետ սահմանելու դեպքում առաջանալու էին, ընդ որում, դրանք նաև որոշակի բացասական հետևանքներ էին ունենալու։

 

Ինչով է հատկանշանական այս նախագծում փոփոխությունը․ այն քիչ փոփոխություններից է, որ հապճեպ օրենք չի դարձել, հետո բախվել խնդիրների, բողոքներ, ակցիաներ, հետո կրկին փոփոխության ու լրացման ուղարկվել։ Այլ ինչպես իր խոսքում նշեց ՆԳ նախարարը հաշվի են առնվել, օրինակ, անձանց մուտքերի ու ելքերի հաճախականությունը։

Նախագծում արված փոփոխությունն օրակարգից հանում է դժգոհությունը, իսկ սուբյեկտիվ տեսակետից՝ ստեղծում է  առիթ ավելի հաճախ տուն, օրինակ, Ջավախք գնալու համար։

Բացի այդ, Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց վերաբերում էր այս փոփոխությունը, պարտադրանք չի առաջացնում փոխանակել կամ այլ հնարքների դիմել վարորդական իրավունքի վկայականի հարցում։

Ուստի, նախագծով արված փոփոխությունը, որն առաջիկայում խորհրդարանը հավանաբար կողմ կքվեարկի, լուծում է մի շարք հարցեր՝ և՛ պետության, և՛ քաղաքացիների համար։ Բացի այդ, Վրաստանում հայկական վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք այդ պետության կողմից համարժեք դժվարություն առաջացնող պատասխանի չեն արժանանա։

Մնում է հուսալ, որ հնարավորինս արագ փոփոխությունն օրենքի ուժ կստանա։

 

Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ երկքաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

Վերլուծական